Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրի վարչական տարածքում գործող «ՄԻԱՎԱՐ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։ Ինչպես տեղեկանում է Տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, «ՄԻԱՎԱՐ» ընկերությունն առանց ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ ապօրինի օգտագործելով 1369681խմ ստորերկրյա ջուր։ Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 12.327.129 դր.: Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է 2 խորքային հորերի շահագործումը։ Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։



