ՀԱՊԿ-ի չկատարած պարտքն ու Մոսկվայի ներկայացրած հաշիվը

Մոսկվան Հայաստանից պահանջում է կատարել ՀԱՊԿ-ի նկատմամբ իր պարտավորությունները՝ այդպես էլ պատասխան չտալով Հայաստանի անվտանգության ապահովման հարցում դաշինքի չկատարած պարտավորությունների համար։ Ռուսաստանն առաջարկել է կասեցնել ՀԱՊԿ-ի քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիներին առաջադրելու իրավունքը։ Քննարկվում է նաև կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումը։ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց առայժմ օրակարգում չկա։ Հայաստանի կողմից անդամավճարների վճարման դադարեցումը Մոսկվային իրավական հիմք է տալիս Երևանի նկատմամբ սանկցիաներ ձեռնարկելու համար, սակայն նախաձեռնությունն ունի նաև քաղաքական նպատակ։ Ռուսաստանը ձգտում է Հայաստանին պահել ՀԱՊԿ-ի կազմում՝ միաժամանակ սահմանափակելով նրա իրավունքները և պահպանելով Երևանի վրա ազդեցության լծակները։ Նոյեմբերի 3-ին Մինսկում անցկացված Եվրասիական անվտանգության համաժողովի շրջանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել է, որ Ռուսաստանը կազմակերպության անդամ պետությունների քննարկմանն է ներկայացրել Հայաստանի՝ քվոտային պաշտոններում իր քաղաքացիներին առաջադրելու իրավունքը կասեցնելու առաջարկ։ Նրա խոսքով՝ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց օրակարգում չկա։ Մասադիկովը հիշեցրել է, որ Երևանը երրորդ տարին է՝ չի մասնակցում կազմակերպության հիմնական աշխատանքներին, սակայն Հայաստանի ներկայացուցիչը շարունակում է մասնակցել մշտական ներկայացուցիչների ամենշաբաթյա խորհրդակցություններին։ Ռուսաստանի նախաձեռնությունը կրկին ուշադրություն է հրավիրում Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների ճգնաժամի բուն պատճառի վրա։ Մոսկվան Հայաստանից պահանջում է կատարել անդամակցության պարտավորությունները՝ անպատասխան թողնելով 2022 թվականին ադրբեջանական հարձակումների ընթացքում դաշինքի ստանձնած անվտանգային պարտավորությունների չկատարման վերաբերյալ Երևանի հարցերը։ Երևանը մինչ օրս չի ստացել այն հարցի պատասխանը, որն ի սկզբանե խաթարեց կազմակերպության նկատմամբ վստահությունը. ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չկատարեց Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր ստանձնած պարտավորությունները։ 2022 թվականը բացահայտեց ՀԱՊԿ-ի գործունեության ամենալուրջ հակասությունը։ Հունվարին Ղազախստանի ներքաղաքական ճգնաժամին դաշինքն արձագանքեց արագ՝ զորքեր ուղարկելով Ալմաթի։ Գործողությանը մասնակցեց նաև Հայաստանը՝ տրամադրելով հարյուր զինծառայող։ Ութ ամիս անց ադրբեջանական զինուժը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Երևանը դիմեց նույն դաշինքին՝ ակնկալելով պայմանագրով նախատեսված աջակցությունը։ ՀԱՊԿ-ը սահմանափակվեց խորհրդակցություններով, իրավիճակի գնահատման առաքելությամբ և դիվանագիտական հայտարարություններով։ Հայաստանին ռազմական օգնություն չտրամադրվեց, իսկ ադրբեջանական հարձակումը չստացավ կազմակերպության միասնական քաղաքական գնահատականը։ Նույն՝ 2022 թվականի նոյեմբերին, Երևանում կայացած գագաթնաժողովում անդամ պետությունները չկարողացան համաձայնության գալ ադրբեջանական հարձակման քաղաքական գնահատականի և Հայաստանին օգնության տրամադրման շուրջ։ Այս իրադարձությունները լրջորեն խաթարեցին Հայաստանի վստահությունը ՀԱՊԿ-ի անվտանգության երաշխիքների նկատմամբ։ Պայմանագրով նախատեսված պարտավորությունները մնացին ուժի մեջ, սակայն դրանց կատարումը փաստացի կախված էր անդամ պետությունների քաղաքական շահերից։ Հայաստանի համար հետևությունը ծանր էր, բայց կարևոր՝ պետությունը չի կարող իր պաշտպանությունը կառուցել պարտավորությունների վրա, որոնց կատարումը վճռորոշ պահին կախված է այլ պետությունների՝ Հայաստանի հակառակորդի հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված քաղաքական հաշվարկներից։ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին Մոսկվայի համար շարունակում է քաղաքական նշանակություն ունենալ։ Այն Ռուսաստանին հնարավորություն է տալիս պահպանել իր գլխավորած անվտանգության համակարգի ներկայությունը Հարավային Կովկասում և ազդեցության որոշ լծակներ Երևանի արտաքին քաղաքական որոշումների նկատմամբ։ Հայաստանի պաշտոնական հեռացումը կարձանագրի այդ համակարգի աշխարհաքաղաքական նահանջը։ Հենց այս տրամաբանությամբ էլ կարելի է բացատրել Մոսկվայի նախաձեռնությունը՝ պահպանել Հայաստանի անդամակցությունը՝ միաժամանակ կրճատելով կազմակերպության աշխատանքներին նրա մասնակցության իրավունքները։ Այս գործընթացը տեղի է ունենում Հարավային Կովկասում ուժային հարաբերակցության փոփոխության պայմաններում։ Հայաստանի եվրոպական ինտեգրումը, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցությունը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ծրագրերը մեծացնում են Երևանի արտաքին քաղաքական հնարավորությունները։ Ռուսաստանը, սակայն, շարունակում է պահպանել տնտեսական և ռազմական ազդեցության զգալի լծակներ։ Էներգակիրների մատակարարումները, առևտրային կապերը, տրանսպորտային ենթակառուցվածքներն ու ռազմական ներկայությունը Մոսկվային հնարավորություն են տալիս ազդելու Հայաստանի քաղաքական և տնտեսական միջավայրի վրա։ Այդ կախվածությունների աստիճանական նվազեցումն անհրաժեշտ է երկրի ինքնուրույնությունն ամրապնդելու համար։ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը նախատեսում է անդամակցության պարտավորությունների խախտման դեպքում համապատասխան ընթացակարգեր։ Սակայն դրանց կիրառումը չի լուծում կազմակերպության նկատմամբ Հայաստանի վստահության ճգնաժամը։ Գլխավոր հարցը մնում է անպատասխան. ի՞նչ արժեք ունի հավաքական պաշտպանության պայմանագիրը, երբ անդամ պետությունն իր ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ չի ստանում պայմանագրով ակնկալվող աջակցությունը։ Անդամավճարների շուրջ իրավական քննարկումը չի կարող փոխարինել այս հարցի քաղաքական գնահատականին։ Երևանն իր հերթին պետք է որոշակիություն մտցնի ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մասնակցության սառեցումը ժամանակավոր քաղաքական որոշում էր, որը հնարավորություն տվեց վերանայել Հայաստանի անվտանգային առաջնահերթությունները։ Սակայն երկարատև անորոշությունը նույնպես ունի իր գինը։ Կառավարության առաջ կանգնած է անդամակցությունը դադարեցնելու իրավական, ռազմական և տնտեսական հետևանքները գնահատելու, հնարավոր ճնշումներին պատրաստվելու և հետագա քայլերի հաջորդականությունը որոշելու խնդիրը։ Այս գործընթացը պահանջում է պետական հաշվարկ և հետևողական դիվանագիտություն։ Անվտանգության նոր համակարգի կառուցումը ևս ժամանակ և զգալի միջոցներ է պահանջում։ Եվրոպական և ամերիկյան գործընկերությունների խորացումը կարող է նպաստել Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացմանը, սակայն քաղաքական համագործակցությունը ինքնաբերաբար ռազմական պաշտպանության երաշխիք չի ապահովում։ Հայաստանը պետք է ամրապնդի բանակը, զարգացնի պաշտպանական արդյունաբերությունը, արդիականացնի հակաօդային պաշտպանությունը և ընդլայնի անվտանգային գործընկերությունների շրջանակը։ Այս աշխատանքին անհրաժեշտ է ամուր տնտեսական հիմք՝ էներգետիկ աղբյուրների բազմազանեցմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ և պետական կառավարման արդյունավետության բարձրացմամբ։ ՀԱՊԿ-ի առաջիկա գագաթնաժողովում Հայաստանի վերաբերյալ հնարավոր որոշումը կարող է նոր փուլ բացել կազմակերպության հետ հարաբերություններում։ Սակայն անդամակցության իրավական կարգավիճակի փոփոխությունը չի վերացնի տարիների ընթացքում կուտակված խնդիրները։ Հայաստանի վստահությունը դաշինքի նկատմամբ խաթարվել է անվտանգության համար վճռորոշ իրադարձությունների հետևանքով։ Այդ վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ կլինեին կազմակերպության իրական գործողություններ և իր ստանձնած պարտավորությունների կատարման համոզիչ երաշխիքներ։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը Ռուսաստանի գլխավորած անվտանգության համակարգի հետ է կապել իր պաշտպանական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը։ Այդ ընտրությունն ունեցել է քաղաքական և ռազմավարական հետևանքներ։ 2022 թվականի իրադարձությունները ցույց տվեցին այդ համակարգի հնարավորությունների և Հայաստանի ակնկալիքների միջև առաջացած խոր անհամապատասխանությունը։ Այժմ Մոսկվան բարձրացնում է անդամավճարների և անդամակցության պարտավորությունների հարցը։ Հայաստանի համար շատ ավելի ծանր են անցած տարիների կորուստները՝ մարդկային կյանքերը, անվտանգության չարդարացված սպասումները և սեփական պաշտպանական կարողությունների զարգացման համար բաց թողնված հնարավորությունները։ Մոսկվան կարող է քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի իրավունքների կասեցումը։ Երևանը պետք է որոշի իր անվտանգության հետագա ուղին՝ գնահատելով նախկին քաղաքականության հետևանքներն ու նոր հնարավորությունները։ Անցած տարիների գլխավոր դասը վերաբերում է պետական պատասխանատվությանը։ Հայաստանի անվտանգությունը պետք է կառուցվի սեփական պաշտպանական կարողությունների, վստահելի գործընկերությունների և իրականում գործող երաշխիքների վրա։ Որևէ ռազմական դաշինքի անդամակցություն չի կարող փոխարինել պետության՝ սեփական անվտանգությունն ապահովելու կարողությանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17561

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով