Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 7-ն անցկացվում է պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը, որին մասնակցում են 66 երկրների մարզիկներ։ Հայաստանից առաջնությանը մասնակցում են Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի վեց մարզիկ, ինչպես նաև երկու մարզիչ։ Հայաստանի մարզիկները մրցել են տարբեր երկրների ուժեղագույն ներկայացուցիչների հետ և գրանցել հետևյալ արդյունքները․ մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, Սարգիս Ստեփանյանը ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Սա նրա՝ աշխարհի չեմպիոնի հինգերորդ տիտղոսն էր։ Մինչև 55 կգ քաշային կարգում Սարգիս Հարությունյանն աջ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ, իսկ ձախ ձեռքով՝ բրոնզե մեդալ։ Մինչև 65 կգ քաշային կարգում Շահեն Բաբայանը ձախ և աջ ձեռքերով նվաճել է արծաթե մեդալներ։ Հավաքականի մարզումային գործընթացը և աշխարհի առաջնությանը նախապատրաստումը ղեկավարել է գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանը։ Կարևոր ներդրումն է ունեցել նաև ավագ մարզիչ Ոսկան Մարգարյանը՝ իր փորձով ու աջակցությամբ նպաստելով թիմի կազմակերպված աշխատանքին։ Հայաստանի պատվիրակության մասնակցությունն աշխարհի առաջնությանը հնարավոր է դարձել նաև աջակիցների և գործընկերների ներդրման շնորհիվ։ «Հայաստանի վետերաններ» հիմնադրամը հոգացել է երեք մասնակցի մասնակցության ծախսերը, «Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամը» հովանավորել է չորս մասնակցի մասնակցության ծախսերը, իսկ Վահան Խորխոռունին ապահովել է Հայաստանի հավաքականի պաշտոնական համազգեստը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով