Եվրամիության հինգ երկրներում բացահայտվել է շքեղ դասի ավտոմեքենաների վաճառքին առնչվող հարկային խարդախության սխեմա, որի պատճառած վնասը գնահատվում է 100 միլիոն եվրո, հայտնում է Եվրոպական դատախազությունը (EPPO)։ Գերմանիայում և Ավստրիայում 13 մարդ է ձերբակալվել։ Ավելի քան 50 կասկածյալի նկատմամբ քննություն է ընթանում։ Չորեքշաբթի Ավստրիայում, Խորվաթիայում, Չեխիայում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված խուզարկություններին մասնակցել է իրավապահ մարմինների ավելի քան 900 աշխատակից։ Գործողության ընթացքում սառեցվել են բանկային հաշիվներ, առգրավվել են տասնյակ ավտոմեքենաներ, կանխիկ գումար, կրիպտոակտիվներ, հրազեն և թանկարժեք ժամացույցներ։ Բեռլինում կալանք է դրվել անշարժ գույքի երկու օբյեկտի վրա, ներառյալ՝ մի շենքի, որտեղ հոսթել է գործում։ Քննության վարկածով՝ յոթ կասկածյալ, այդ թվում՝ երկու հարկային խորհրդատու, առնվազն տասը տարի օգտվել են այսպես կոչված կարուսելային խարդախության համակարգից։ Ենթադրվում է, որ սխեման հիմնված էր ԵՄ կանոնների վրա, որոնք Եվրամիության երկրների միջև անդրսահմանային առևտուրն ազատում են ԱԱՀ-ից։ Քննիչների կարծիքով՝ Բեռլինում գործող ընկերությունները թանկարժեք ավտոմեքենաներ էին ձեռք բերում առանց հարկի ներառման գնով, ապա ընկերությունների ցանցի և գործարքների շղթաների միջոցով խուսափում էին հարկի վճարումից կամ հասնում գումարների ապօրինի վերադարձի։ Եվրոպական դատախազությունը զբաղվում է Եվրամիության ֆինանսական շահերին առնչվող հանցագործությունների քննությամբ, այդ թվում՝ հարկային և մաքսային խարդախության, փողերի լվացման և ԵՄ միջոցների հափշտակության դեպքերով։



