Թրամփի և Պուտինի դիզելային գործարքը ձախողման վտանգի տակ է. FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երկու լցանավ փոխել են երթուղին և այլևս չեն շարժվում դեպի ամերիկյան նավահանգիստներ։ Այս մասին գրում է Financial Times-ը։ Մասնավորապես, Սիեռա Լեոնեի դրոշի ներքո նավարկող Leruo լցանավը, որը պատկանում է հոնկոնգյան ընկերության, ուղղություն է վերցրել դեպի Բրազիլիա։ Մյուս՝ ռուսական Talisman լցանավը, Ատլանտյան օվկիանոսից տեղափոխվել է Միջերկրական ծով և այժմ գտնվում է Ալժիրի ափերի մոտ։ Նավի կարգավիճակը նշված է որպես «սպասում է հետագա հրահանգների», ինչը նշանակում է, որ բեռի համար դեռ գնորդ կամ վերջնական նշանակման նավահանգիստ չի հաստատվել։ Երկու լցանավերն էլ գտնվում են արևմտյան պատժամիջոցների տակ։ Նման կարգավիճակ ունի նաև Agioi Fanendes լցանավը, որը դեռ շարունակում է շարժվել դեպի ԱՄՆ, սակայն դրա սեփականատերը հայտնել է, որ բեռնաթափման նավահանգիստը դեռ որոշված չէ։ Եվս մեկ՝ Beast լցանավը, որը հոկտեմբերի 27-ին վառելիք է բեռնել Պրիմորսկի նավահանգստում, առայժմ պահպանում է ԱՄՆ-ի Ատլանտյան ափի ուղղությունը։ Kpler վերլուծական ընկերության փորձագետ Մեթ Սմիթի խոսքով՝ ամերիկյան ընկերությունները չեն շտապում գնել ռուսական դիզելային վառելիքը՝ իրավական ռիսկերի և պատժամիջոցների պատճառով։ Նյու Ջերսիի նահանգապետ Միկի Շերիլը ևս նախազգուշացրել է բիզնեսին, որ Թրամփի և Պուտինի գործարքը հակասում է 2022 թվականին ընդունված օրենքին, որով Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո արգելվել է ռուսական էներգակիրների ներմուծումը ԱՄՆ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով