Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան համերաշխություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին և ԱՄԷ-ի ժողովրդին՝ Իրանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհների առնչությամբ։ Այս մասին նա գրել է X-ում: «Ինքնիշխանության և միջազգային իրավունքի այս խախտումներն անընդունելի են և պետք է դադարեցվեն։ Իրանը պետք է ներգրավվի բանակցությունների մեջ՝ Մերձավոր Արևելքում հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելու համար», – նշել է Կոշտան։ Եվրոպական խորհրդի ղեկավարը վստահեցրել է, որ ԵՄ-ն կշարունակի իր գործընկերների հետ աշխատել լարվածության թուլացման, Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման և տարածաշրջանային անվտանգության համար երկարաժամկետ դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ։ Ավելի վաղ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանը մայիսի 4-ին ԱՄԷ-ի վրա արձակել է 15 հրթիռ՝ 12 բալիստիկ և 3 թևավոր հրթիռ, ինչպես նաև չորս անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունը նշել է, որ գրոհների ընթացքում երեք մարդ միջին ծանրության վիրավորում է ստացել։ Բացի այդ, հաղորդվել է, որ մայիսի 4-ին Ֆուջեյրայի նավթարդյունաբերության օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել իրանական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով։ ԱՄԷ-ի զինվորականների տվյալներով՝ փետրվարի 28-ին Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր երկրի հակաօդային պաշտպանությունը գրանցել է Իրանի կողմից 549 բալիստիկ հրթիռի, 29 թևավոր հրթիռի և 2260 ԱԹՍ-ի արձակումներ։ ԱՄԷ-ում զոհվել է 3, վիրավորվել՝ 227 մարդ։



