«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Արահամյանն իր խմբագրականում գրում է. «Գիտեմ, որ ընթերցողներից շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց որպես մարդ ես համերաշխ եմ Ուկրաինայի ժողովրդի հետ, որը 4 տարուց ավելի է՝ դիմակայում է Ռուսաստանի ագրեսիային: Այդ դիրքորոշումս չի սասանվում այն պատճառով, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ Արցախյան պատերազմի ժամանակ Ուկրաինան հանդես էր գալիս որպես Ադրբեջանի եթե ոչ դաշնակից, ապա՝ շատ հարցերում աջակցող երկիր: Բայց որպես քաղաքական ռեալիզմի կողմնակից, ես շատ կցանկանայի, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցը Երեւան ու նրա արտասանած ճառերի հետեւանքները նախօրոք հաշվարկված լինեին: Հայաստանն այն վիճակում չի գտնվում, որ իրեն թույլ տա աշխարհում տեղի ունեցող այս տեկտոնիկ փոփոխությունների պայմաններում հայտնվի ճեղքվածքներից մեկի վրա: Կարծում եմ, հնարավոր էր դիվանագիտական եղանակներով համաձայնեցնել, որ Զելենսկին Երեւանից Մոսկվայի վրա հարձակմամբ չսպառնա, այն էլ՝ մայիսի 9-ին՝ ռուսաստանցիների համար սակրալ նշանակություն ունեցող օրը: Եթե համաձայնեցնելու փորձ չի արվել, վատ է: Եթե արվել է, բայց չի հաջողվել, նույնպես վատ է: Եթե Փաշինյանն ուրախ է, որ նման սպառնալիքներ են հնչել (ինչը նրա, մեղմ ասած, ոչ հասուն ուղեղի դեպքում հնարավոր է)՝ ավելի վատ: Այն, որ Երեւանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով՝ դրական փաստ է: Պարզապես շատ ցանկալի կլիներ, որ ընդունող կողմն ավելի լավ պատրաստվեր դրան՝ մասնավորապես, ճշտեր օրակարգը: Օրինակ, պայմանավորվեր, որ գագաթաժողովի շրջանակում Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում չհրավիրեն: Եթե դու քո երկրում տեղի ունեցող միջոցառման օրակարգի վրա չես կարող ազդել, ապա քո ինքնիշխանության մասին պնդումները կասկածելի են: Իհարկե, ենթադրելի է, որ այդ ամենը Փաշինյանին չի էլ հուզում, նրան հետաքրքրում է նախընտրական PR-ը՝ տեսեք-տեսեք, թե եվրոպական լիդերներն ինձ որքան են սիրում, խելքները գնում է ինձ համար: Մանր, գավառական կայֆեր, մի խոսքով: Իսկ քանի որ քաղցր խոսքերը ձրի են, եվրոպական լիդերներից ոչինչ չի պակասի, եթե իրենց հաճոյախոսություններով նպաստեն այդ PR-ին: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այդ առումով առանձնացավ բոլորից՝ պնդելով, որ 8 տարի առաջ Երեւան ոչ ոք չէր գա: Այսինքն՝ 2018 թվականի Փաշինյանի «թավշյա հեղափոխության» շնորհիվ է, որ եվրոպական լիդերները շփվում են Հայաստանի ղեկավարների հետ: …Ընդհանրապես, որեւէ երկիր այցելելուց առաջ երկրի ղեկավարի սեղանին են դնում այդ երկրի հետ հարաբերությունների հակիրճ պատմությունը: Մակրոնի օգնականները, հավանաբար, այդ հարցում զլացել են»:



