Թուրք պաշտոնյան՝ Կարս-Գյումրի երկաթուղու և ռեգիոնալ հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Քյուրշադ Զորլուն ելույթ է ունեցել Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի (TADİV) կողմից կազմակերպված «Հեյդար Ալիևը և թյուրքական աշխարհը» թեմայով քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Զորլուն պնդել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները «Ղարաբյան» պատերազմում «հաղթանակից» հետո հասել են որոշակի մակարդակի: «Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը, նրա մոտեցումը և Հայաստանի հետ ընթացող հարաբերությունները մեր առաջնային օրակարգն են։ Մենք համատեղ աշխատում ենք այս ուղղությամբ և ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը մեր հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ասել է նա։ Թուրք պաշտոնյան նաև հիշեցրել է, որ ապրիլի 27-ին Կարսում տեղի է ունեցել Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկմանը նվիրված աշխատանքային խմբի կարևոր նիստ՝ ասելով. «Հավատում եմ, որ այս բոլոր նախապատրաստական աշխատանքները քայլ առ քայլ կրկին կյանքի կկոչվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղության բանակցություններին զուգահեռ, երբ դրանք ընթանան մեր ուզած և մեզ արժանի հունով»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով