Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, դիմորդները կարող են դիմումները ներկայացնել մինչև մայիսի 15-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով: Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հունիսի 1-30-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1)։ Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2026 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2026 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և հայ գրականություն» «Ռուսաց լեզու», «Համաշխարհային պատմություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ: Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝ 8-9 միավոր – 4 10-11 միավոր – 5 12-13 միավոր – 6 14-15 միավոր – 7 16-17 միավոր – 8 18-19 միավոր – 9 20 միավոր – 10 Քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն՝ առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով: Համաձայն աշխատակարգի՝ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների կրթության իրավունքի իրացման նպատակով Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնին առաջարկվել է ձևավորել հանձնաժողով և անցկացնել 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ՝ ԳԹԿ-ի կազմած գրավոր քննությունների թեստերով։



