Թաիլանդում 66-ամյա բուդդայական վանական է ձերբակալվել՝ վանքի համար նախատեսված մոտ 3,5 մլն դոլարի յուրացման և փողերի լվացման կասկածանքով։ Այութայայի 14-րդ դարի Վատ Պուտտայսավան տաճարի վանահայր Պրա Վաչիրայան Վին ձերբակալվել է սեպտեմբերի 10-ին։ Գործով ձերբակալվել է նաև 47-ամյա մի կին, որի հետ, ըստ ոստիկանության, վանականը սեռական հարաբերություններ է ունեցել։ Ոստիկանության տվյալներով՝ վանքի վերանորոգման և բուդդայական ամուլետների համար ստացված մոտ 3,5 մլն դոլարը չի մուտքագրվել տաճարի հաշվին։ Իրավապահները առգրավել են մոտ 6,7 մլն դոլարի արժեքով գույք, այդ թվում՝ 16 կգ ոսկու ձուլակտորներ և զարդեր, ինչպես նաև 28 հողի սեփականության վկայական։ Թաիլանդում բուդդայական վանականները կուսակրոնության երդում են տալիս և հրաժարվում նյութական ունեցվածքից։ Գործով հետաքննությունը շարունակվում է։



