Եվրոպական համայնքի գագաթնաժողովը, որ ավելի շատ նման էր «Եվրատեսիլի» քաղաքական տարբերակի, վերջնականապես արձանագրեց, որ ՔՊ-ական իշխանությունը կատարել է հինգ տարի առաջ խոստացած՝ «Անջատում՝ հանուն փրկության» կարգախոսը: 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում այդ սկզբունքով ՔՊ-ն խոստանում էր իրացնել Արցախի ինքնորոշման իրավունքը: Երկու օր առաջ, սակայն, Երևանում «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը կիրառվեց Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանության համար: Նրանք վերջնականապես ու ամբողջությամբ անջատվեցին ամենայն հայկականից՝ հանուն իրենց իշխանության փրկության: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, ՀՀ նոմինալ իշխանությունը զբաղեցնողների կախ ականջների ուղեկցությամբ և հորթային հրճվանքի պայմաններում Իլհամ Ալիևը հեռավար կերպով հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է «սեպարատիզմն» Արցախում և հիմա «արդարադատություն է իրականացնում պատերազմական հանցագործների նկատմամբ»: Այս հայտարարությանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում լսողները ոչ միայն որևէ կերպ չհակադրվեցին, այլև լսողներից գլխավորը՝ առաջին համարի ստրուկի նման շնորհակալություն հայտնեց: Այդ շնորհակալությունն այդ դահլիճում հավաքվածների ու աշխարհից բոլոր հետևողների համար Հայաստանի Հանրապետության շնորհակալությունն էր, որովհետև որքան էլ իշխանությունը՝ բռնազավթված ու ավտորիտար, միևնույն է՝ այլոց համար դրա ներկայացուցչի կողմից հնչող խոսքը ողջ հանրության ու պետության խոսք է:



