Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մայիսի 7-ին կայցելի Սպիտակ տուն, որտեղ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Բրազիլիայի նախագահին մոտ կանգնած երեք անձանց։ Այցի ընթացքում կքննարկվեն մաքսատուրքերի, կարևորագույն հանքանյութերի և կազմակերպված հանցավորության, փողերի լվացման և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում համագործակցության վերաբերյալ հարցեր։ 2025 թվականին Թրամփը ներմուծվող բրազիլական ապրանքների նկատմամբ սահմանել էր 50% մաքսատուրք, որն ամենաբարձրերից մեկն է ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար։ Ավելի ուշ Թրամփը չեղարկել է մաքսատուրքերի մեծ մասը։ Բրազիլական ապրանքները դեռևս ենթարկվում են լրացուցիչ 10% մաքսատուրքի, որի ժամկետը լրանալու է հուլիսին։ Բրազիլիան մտավախություն ունի, որ իր ապրանքների արտահանումը կարող է տուժել նոր մաքսատուրքերից։ Թվային առևտրի շուրջ լարվածությունը նույնպես շարունակվում է, քանի որ Բրազիլիան արգելափակել է Առևտրի համաշխարհային կազմակերպության էլեկտրոնային առևտրի սակագների մորատորիումի երկարաձգումը, որին աջակցում է ԱՄՆ-ն։ Բացի այդ, որոշ ապրանքների, այդ թվում՝ էթանոլի նկատմամբ գործում են բրազիլական բարձր մաքսատուրքեր։



