Ազնվության խնդիր. պայքար իշխանության դե՞մ, թե՞ իշխանության համար

Խորհրդարանական ընտրություններին մնացել է ուղիղ մեկ ամիս: Գնահատականները, որ սրանք ուղղակի իշխանության ձևավորման համար ընտրություններ չեն, որ հունիսի 7-ին գոյաբանական հարց է որոշվելու, հնչել են բավարար չափով: Բայց հասարակության վերաբերմունքը համարժեք չէ այդ կենսական կարևորությանը: Եթերներում, սոցցանցերում արտահայտվող գոյաբանական սպառնալիքների ահազանգերը հանրության կողմից նույնպիսի վերաբերմունքի չեն հանդիպում, ինչը, երբեմն՝ արդարացիորեն, ավելի հաճախ՝ անհիմն մեղադրանքների պատճառ է դառնում՝ ուղղված պարզ մարդկանց: Հանրային ապատիա, Հայաստանում, իհարկե, կա, և, ցավոք, այն գնալով խորանում է: Բայց այդ ապատիան ունի բազմաշերտ, խորքային պատճառներ և առնվազն արդար ու հիմնավորված չէ ուղղակի միագիծ կերպով մեղադրել քաղաքացիներին երկրի հանդեպ անտարբեր լինելու, նրա ճակատագրի վրա թքած ունենալու մեջ: Իսկ այդ խորքային պատճառներից ամենակարևորը վերաբերում է արդեն ոչ թե հանրությանը, այլ քաղաքականությամբ զբաղվողներին, ավելի կոնկրետ՝ նրանց դրդապատճառներին: Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը ներկայանում են երկու հայեցակարգային մոտեցումներով՝ պայքար իշխանության դեմ և պայքար իշխանության համար: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք նույնական հայեցակարգեր են, սակայն այդպես կարող է լինել միայն հարաբերականորեն կայուն երկրներում, երբ կուսակցությունները պայքարում են իշխանության դեմ՝ իշխանություն ձևավորելու նպատակով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5823

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով