Պարսից ծոցում արգելափակված են 1,500 նավ, անձնակազմների 20,000 անդամ․ ՄԾԿ գլխավոր քարտուղար

Մոտ 1,500 նավ արգելափակված է Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցի իրանական շրջափակման պատճառով, նախօրեին հայտարարել է Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։ «Այժմ արգելափակված են մնացել անձնակազմների մոտ 20,000 անդամ և 1,500 նավ», – Պանամայում հայտնել է Դոմինգեսը։ Անձնակազմների անդամները «անմեղ մարդիկ են, որոնք ամեն օր իրենց աշխատանքն են կատարում այլ երկրների օգտի համար», – ասել է ՄԾԿ պաշտոնյան։ Նրա խոսքով՝ շրջափակված նավերի անձնակազմները հայտնվել են «իրենց վերահսկողությունից դուրս գտնվող աշխարհաքաղաքական իրողության ծուղակում»։ Ավելի ուշ Դոմինգեսը լրագրողներին տեղեկացրել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր նավերի դեմ ուղղված 30 հարձակումներից զոհվել է 10 նավաստի։ Նախօրեին ՄԱԿ գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով կանոնավոր բեռնափոխադրումները «կվերսկսեն, երբ պատերազմը մշտապես ավարտվի և վերացվեն Իրանի դեմ պատժամիջոցները և շրջափակումը»։ Մինչև պատերազմը Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում սպառվող նավթի և գազի 20 տոկոսը։ Թեհրանում այժմ ուսումնասիրում են պակիստանյան միջնորդությամբ ներկայացված պատերազմն ավարտելու ամերիկյան առաջարկությունը։ Պաշտոնական արձագանք առայժմ չկա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5832

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով