«Հիմա արցախահայությունը լրջագույն պրոբլեմ է մեզ համար». Վաղարշակ Հարությունյան

Ռեֆորմիստների կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է կուսակցության ծրագրի 7 կետերի ներկայացմամբ։ Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ պաշտպանության նախկին նախարար և Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց՝ խաղաղություն չի կարող լինել, եթե չկա անվտանգություն, ապա մանրամասնեց, որ անվտանգություն ասելով նկատի ունի ապահովված թոշակառուներից մինչև գիտական հզորություն։ Հարությունյանի խոսքով` Հայաստանը պետք է հստակ սահմանի բարեկամ պետությունների շրջանակը և պոտենցիալ սպառնալիքները՝ ելնելով ազգային շահերից, որոնք պետք է հստակ փաստաթղթավորված լինեն։ Նրա խոսքով՝ անվտանգային նման հարցերի պատասխանը չի կարող կախված լինել առանձին քաղաքական գործիչների անձնական նախապատվություններից։ «1991–1994 թվականներին մենք օբյեկտիվորեն գնահատեցինք իրավիճակը` տարածաշրջանում, աշխարհում, ճիշտ կողմնորոշվեցինք, տարանք հաղթանակ։ Այժմ նույնպես անհրաժեշտ է հասկանալ, թե որ երկրներն են մեզ համար բարեկամական, և որտեղից են բխում սպառնալիքները։ Մենք հիմնարար հարցերի շուրջ չունենք պետական մոտեցում` ընդունված որպես փաստաթուղթ։ Պատմությունն անցնում է, հետո ասում են՝ դուք այսպիսի որոշում եք ընդունել, ճի՞շտ է դա, թե՞ ոչ, ինչի՞ հիման վրա։ Հիմա արցախահայությունը լրջագույն պրոբլեմ է մեզ համար»,- ասաց Հարությունյանը։ Նա կարծում է, որ Հայաստանի համար կարևոր հարցերի շուրջ պետք է համազգային հանրաքվե անցկացվի։ «Այստեղ այնքան հարցեր կան, որի պատասխանը չկա։ Ես բազմիցս ասել եմ, թե մենք հիմա ինչ վիճակում ենք գտնվում, որովհետև չունենք դիվանագիտական հարաբերություններ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, իսկ դա պատերազմական էլեմենտ է։ Սահմանը մեր փակ է, իսկ դա նույն ձևի միջազգային իրավունքի տեսանկյունից՝ պատերազմ է։ Մենք ունենք խաղաղության գործընթաց, որտեղ նախաստորագրված է խաղաղության պայմանագիր, բայց նաև տեսնում ենք՝ հնչում են տարածքային սպառնալիքներ Հայաստանի հանդեպ»,– նշեց Հարությունյանը։ Նա ընդգծեց` Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքները ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարության կողմից է, ինչը նաև նշանակում է, որ կա ռազմական սպառնալիք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5846

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով