Երևանյան գագաթնաժողովից՝ մինչև բողոքի նոտա. Ինչո՞ւ է խորանում Մոսկվայի և Երևանի միջև հակասությունը

Մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը դարձավ այն ջրբաժանը, որը վերջնականապես բյուրեղացրեց հայ-ռուսական հարաբերություններում տարիներ շարունակ կուտակված համակարգային ճեղքվածքը։ Չնայած պաշտոնական Երևանի որդեգրած եվրոպական վեկտորը նորություն չէր, սակայն այս միջոցառման շրջանակում տեղի ունեցած իրադարձությունները՝ մասնավորապես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությունն ու ելույթը, հարաբերությունների լարվածությունը հասցրին ճգնաժամային կետի։ Այս լարվածության ամենախոսուն դրվագը ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանի կանչն ու նրան ներկայացված բողոքի նոտան էր։ Սա դիվանագիտական պրակտիկայում ծայրահեղ քայլ է, որը փաստում է, որ Մոսկվան այլևս միայն հրապարակային հայտարարություններով չի սահմանափակվում։ Դեսպանի կանչը նշանակում է, որ Կրեմլը Երևանի գործողությունները որակում է ոչ թե որպես սովորական տարաձայնություն, այլ որպես դաշնակցային պարտավորությունների ուղղակի և կոպիտ խախտում, ինչը պահանջում է պաշտոնական արձանագրում։ Թեև, այստեղ հարկ է նաև նշել, որ թե հայաստանյան իշխանությունները, թե փորձագիտական համայնքի շատ ներկայացուցիչներ նշում են, որ Ռուսաստանն էլ շատ դրվագներով չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, որի հետևանքով են ՀՀ իշխանությունները որոշել փոխել ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ սկսելով նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից։ Մայիսի 7-ին Մարիա Զախարովայի հնչեցրած դիտարկումները լրացրին այս պատկերը։ Նա շեշտեց, որ Երևանը, տրամադրելով հարթակ Զելենսկիի հակառուսական հռետորաբանության համար, փաստացի դառնում է Արևմուտքի հակառուսական կոալիցիայի մաս։ Ռուսական կողմի համար սա ոչ թե սոսկ «բազմավեկտոր» քաղաքականության դրսևորում է, այլ ցուցադրական քայլ՝ ուղղված Ռուսաստանի կենսական շահերի դեմ հենց իր դաշնակցի տարածքում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5848

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով