Իրանի հյուսիսային սահմանների մոտ տրանսպորտային նախագծերին ԱՄՆ-ի մասնակցությունը իրանական կողմի համար կընկալվի սեփական անվտանգության համար ռիսկերի պրիզմայով՝ Թեհրանի կողմից Վաշինգտոնի նկատմամբ վստահության կորստի պատճառով: Այս մասին «Իրավունք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում տարածաշրջանում իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի հարավում տրանսպորտային միջանցքի բացման հեռանկարը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում դրական ազդեցություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած լուրջ առաջընթացը։ «Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքի ճգնաժամի ալիքները, որոնք առաջացել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման ենթարկված Իրանի շուրջ լարվածության սրման հետևանքով, հասնում են Անդրկովկաս: Համաշխարհային տնտեսության համար կարևորագույն ջրային ուղիներից մեկի՝ Հորմուզի նեղուցի շուրջ լարված իրավիճակը բոլորի շուրթերին է», – բացատրեց նա։ Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ վառելիքի, պարարտանյութի, պարենի համաշխարհային գների աճը չի կարող չանդրադառնալ Հարավային Կովկասի երկրների վրա։ Այս համատեքստում Հայաստանի ղեկավարությունը ԶԼՄ-ներին արդեն հայտնել է, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման ժամկետները տեղաշարժվում են։



