«…բայց լաւ է նախանձաւոր լինել ի բարիս յամենայն ժամ…» (Գաղ. 4:18) Աշխարհի թշվառությունները և ցավերը մեղմացնող բալասանը բարեգործությունն է: Եթե մարդու ներսում բարու հանդեպ նախանձախնդրության ձգտումը չլիներ` աշխարհը վշտի ու սգի իրական հովիտ պիտի դառնար: Ընդհանրապես ամեն մարդ ունի այնպիսի վայրկյաններ, երբ պաշտպան է կանգնում բարուն և ցանկանում է բարին մտածել և գործել: Կան այնպիսիք, որ բարի սիրտ ունեն, բայց իրենց լեզվի [պատճառով] այնպիսի կարծիք է ստեղծվում, որ բարի չեն. գուցե նրանց լեզուն խիստ է, հանդուգն, բայց սիրտն ազնիվ ու բարի է և սա երևում է նրանց բարերարությունից: Կան նաև այնպիսիք, որ զգում են բարին, ճառում են բարու վերաբերյալ և հեզահամբույր ու պարկեշտ են երևում, բայց անօգուտ մարդիկ են, քանզի չգիտեն բարիք գործել, հուզվում են, ողբում կամ արտասվում, բայց երբեք բարիք չեն գործում: Բարոյախոսի խոսքի համաձայն, նրանք նման են այն տերևներին, որոնք ամբողջ օրը շարժվում են և [սակայն] երեկոյան այնտեղ են, որտեղ առավոտյան էին: Տատանվում են, բայց չեն տեղափոխվում, միշտ շարժվում են և նույն տեղում են միշտ: Բարին ցանկանալ՝ չի նշանակում բարիք գործել, բավական չէ բարին ճանաչել և սովորել, այն դավանելն օգուտ չունի, կարևորը և հաճելին հարաժամ բարին գործելն է: Փափագ ունենալը՝ գործել չէ, քանզի փափագել չի նշանակում կամենալ, մինչդեռ գործելը՝ կամենալն է: Փափագում ես բարին, սակայն երբ միջոցները դժվար են թվում՝ չես ցանկանում գործել, մինչդեռ երբ կամենում ես բարին, երբ նախանձախնդիր ես դրա հանդեպ, ինչքան էլ որ միջոցները դժվար լինեն՝ կարող ես իրագործել: Տկար մարդիկ են, որ առանց իրենց ներսում գործելու նախանձախնդրություն, կամք ունենալու՝ միշտ փափագում են:



