Հանտավիրուսի բռնկումով զբոսանավը ժամանել է Տեներիֆե

MV Hondius զբոսանավը, որի վրա հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել, մայիսի 10-ին ժամանել է Տեներիֆե, այս մասին հայտնում է CNN-ը։ Նավը խարիսխ կգցի Գրանադիլյա նավահանգստում, ինչից հետո ուղևորները կթեստավորվեն, ու եթե ախտանիշներ չլինեն, կուղարկվեն իրենց հայրենի երկրներ։ Oceanwide Expeditions-ը հայտնում է, որ զբոսանավը խարիսխ կգցի նավամատույցից «առավելագույն անվտանգ» հեռավորության վրա, իսկ ուղևորներին ափ կհասցնեն մինչև 10 մարդու տարողությամբ փոքր նավակներով` դասակարգված ըստ ազգության։ Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիայի խոսքով՝ 14 իսպանացի ուղևորները առաջինը կլքեն նավը։ Իսպանացի ուղևորները կտեղափոխվեն ռազմական հոսպիտալ և կտեղավորվեն առանց այցելուների առանձին սենյակներում։ Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանք ժամանելուն պես կանցնեն ՊՇՌ թեստ, իսկ մեկ շաբաթ անց՝ կրկնակի թեստ։ Մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իռլանդիան և Նիդեռլանդները, ինքնաթիռներ են ուղարկում իրենց քաղաքացիներին տարհանելու համար։ «Հոնդիուս» զբոսանավը ապրիլի 1-ին մեկնել է Արգենտինայի հարավային Ուշուայայից՝ ուղևորվելով դեպի Կաբո Վերդե։ Նավի վրա եղել է մոտ 150 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամներ։ Մայիսի 4-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ նավի վրա հայտնաբերվել է հանտավիրուսի (կրծողների կողմից տարածվող վիրուսների ընտանիք) յոթ դեպք՝ երկու հաստատված և հինգ կասկածելի։ Վարակվածներից առնվազն երեքը մահացել են։ Մայիսի 9-ին ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ժամանել է Իսպանիայի Կանարյան կղզիներ (Տեներիֆեն այս կղզիախմբի ամենամեծ կղզին է)՝ անձամբ վերահսկելու ուղևորների և անձնակազմի տարհանումը։ Նա վստահեցրել է Տեներիֆեի բնակիչներին, ովքեր դժգոհ էին զբոսանավի ժամանումից, որ նրանք նոր համաճարակի տարածման վտանգի տակ չեն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5835

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով