Նիկոլ Փաշինյանը հերթական ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտնել էր, որ մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առթիվ, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկայի ցուցադրություն, ապա արդարացել, որ դա, ըստ էության, հաշվետվություն է լինելու, քանի որ «զորահանդես»-ը նուրբ երևույթ է և կարող է խաղաղության օրակարգից շեղվելու տպավորություն ստեղծել։ «Մենք այս թեմայով աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու, և մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ՝ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- պարզաբանել էր նա։ Պարզվում է՝ այս «հաշվետվությունը» կազմելու պարտականությունը դրվել է Դոմինո Վիդեո Փրոդաքշն ՍՊԸ-ի վրա, այն էլ՝ հրատապությամբ, առանց մրցույթի գնման կազմակերպմամբ։ Այսպես, նախ՝ ապրիլի 27-ին կնքված պայմանագրով, ապա նաև՝ մայիսի 8-ին կնքված համաձայնագրով այս ՍՊԸ-ն շուրջ 420 միլիոն դրամով (419,638,800 դրամ) մայիսի 28-ին մատուցելու է միջոցառման կազմակերպման ծառայություններ։



