Հայաստանում կրթական համակարգ պետք է վերափոխվի, քանի որ մասնավորապես ավագ դպրոցն ամբողջությամբ ձախողված է։ Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ «Սովորեցնում է՝ ինչպես չսովորել»,- կարծում է Թաթոյանը։ Նրա խոսքով՝ ավագ դպրոցում թեմաները կա՛մ կրկնվում են, կա՛մ անհետաքրքիր են, ուստի երեխաներից շատերը նախընտրում են չգնալ ավագ դպրոց, այլ աշխատանքի ընդունվել։ Թաթոյանը կրթական նոր մոդել է առաջարկում՝ 9+2+1։ Ըստ այդ մոդելի՝ պարտադիր է դառնալու 9+2ը, ըստ որի՝ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ավագ դպրոցի 2 տարիներին աշակերտը զուգահեռ ստանալու է նաև միջին մասնագիտական կրթություն, օրինակ, վարսավիրական գործ, վեբ-դիզայն և այլն։ 12-րդ դասարանն արդեն կդառնա կամավոր այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են շարունակել կրթությունը բուհում, և այս տարվա դասապրոցեսը պետք է նախապատրաստի աշակերտին բուհի համար։ Թաթոյանն առաջարկում է նաև ամուր կապ ստեղծել բուհի և աշխատաշուկայի միջև, որպեսզի բուհում պրակտիկ գիտելիքներ տրվեն։



