Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ մեկնեց Սյունիքի մարզ։ Սահմանամերձ Կոռնիձոր գյուղում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Արցախի թեմային՝ ասելով, թե շատ է ուզում խոսել Կոռնիձոր-խաղաղություն հարաբերությունների մասին։ «Մենք շատ դժվար որոշում ենք կայացրել և այդ որոշման էությունը եղել է հետևյալը, որ մենք՝ որպես պետություն ու ժողովուրդ, դադարեցնենք Ղարաբաղի շարժումը, որովհետև նախորդող շրջանի վերլուծությունը մեզ ցույց է տվել, որ նախորդող շրջանի Ղարաբաղի շարժման հետ կապված գործոններն օգտագործվել են մեր երկրի առաջընթացը կասեցնելու համար։ Մեզ մեղադրում են տարածքներ կորցնելու մեջ, ուզում եմ հստակ ասենք՝ մենք տարածքներ չենք կորցրել, որովհետև այն տարածքները, որոնք մեր իրականության մեջ հավատացրել են, որ դրանք մեզ են պատկանում, այդ տարածքները ոչ միայն մեզ չեն պատկանել, այլև օգտագործվել են նրա համար, որ իրականում մեզ պատկանող տարածքների նկատմամբ մեր իրավունքը թուլանա։ Մեր պետությունն իր ստեղծման իսկ օրվանից գտնվել է թակարդում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Արավուսի նախկին ղեկավար, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն ինչպե՞ս են ընդունել Սյունիքում, արդյո՞ք բնակիչները Սյունիքի օկուպացված տարածքների հարցը բարձրացրել են։



