«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Հեչ պատահական չէ, որ Փաշինյանի բոլոր տեսակի անոմալ հայտարարությունների խոսույթի սրացում ենք նկատում: Բոլոր հնարավոր եղանակներով իրենց թիկունքին կանգնած ուժերին հայտնում են իրենց հավատարմությունը, հասկացնում, որ մազաչափ չեն շեղվելու թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու գծից: Մենք ինչ-որ մի օր շատ խորքային իրավական գործընթաց ենք ունենալու, որը ներառելու է Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունների ու դրանց հետևանքների ուսումնասիրությունը: Ցանկացած նորմալ երկրի պարագայում Փաշինյանի հայտարարություններից մեկը բավական էր, որ նա հրաժարական տար, բայց մեր դեպքում Փաշինյանի ամեն դրվագի հետևում արյուն է ու զոհեր : Եկեք նայենք՝ 2018-ից մինչև էսօր ինչից ուր ենք հասել, ու մտածենք՝ ի՞նչ կլինի, եթե հերթական անգամ հունիսի 7-ին ՔՊ-ն քվե ստանա: Մենք մտած ենք պետությունն ավերելու ծիրի մեջ, որ եթե նորից քվե ստանան, կործանումը շարունակվելու է: Ժողովուրդ ջան, լավ, դեռ ի՞նչը չեք տեսել: Էսօր պատերազմով ձեզ սպառնում է մի ուժ, որն իր կառավարման ողջ ընթացքում անընդհատ պատերազմներ է բերել: Ու եթե դու այսօր ասում ես՝ ես չընտրվեմ, պատերազմ է լինելու, ուրեմն դու ստորագրել ես «ես տապալել եմ պետության անվտանգությունը» նախադասության տակ: Բացահայտ գործ ունենք հանրությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու հետ : Թուրքիայի արտգործնախարարը, ադրբեջանական տարբեր ռեսուրսներ աջակցում են Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ եք կարծում, էդ աջակցությունը Փաշինյանի սիրուն աչքերի համա՞ր է, թե՞ կան խոստումներ, որոնք պիտի կատարվեն, եթե, Աստված մի արասցե, Փաշինյանը վերընտրվի: Գլխավոր խոստումը տարածաշրջանային աշխարհաքաղաքական բալանսի փոփոխությունն է՝ Իրանի ու Ռուսաստանի դուրս վռնդումը տարածաշրջանից, որից հետո Հայաստանը կդառնա պոլիգոն: Իսկ դրանից հետո ոչ մեկին չի հետաքրքրի՝ ինչ կլինի Հայաստանի հետ :



