Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքը կենտրոնացել է բավականին թեժ նախընտրական քարոզարշավի վրա, արտաքին քաղաքական հիմնական թեման հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված նոր, բարդ իրողություններն են։ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության թեման ռուսաստանյան վերնախավը բերել է հրապարակային պաշտոնական օրակարգ, ՀՀ իշխանություններից պահանջելով կողմնորոշվել՝ կամ մնալ ԵԱՏՄ-ում, կամ հրաժարվել ԵՄ անդամակցության քաղաքական նպատակից։ Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»։ ՌԴ-ն, ըստ նրա, կսատարի այն ամենը, ինչ շահավետ է հայ ժողովրդին։ Թեմայի վերաբերյալ նա առաջարկել է հանրաքվե անցկացնել և հարցը որոշելու հնարավորություն տալ հայ ժողովրդին։ Պուտինը նաև նշել է, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է, անցած տարի, նախանցած տարի շատ ավելին էր, բայց, այնուամենայնիվ, 7 միլիարդ դոլար՝ 2025 թվականին: «Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, և Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- նշել է Պուտինը: Ըստ նրա, թե Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե ՌԴ-ի նկատմամբ՝ որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ, ճիշտ կլիներ հնարավորիս շուտ կողմնորոշվել։



