Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 13-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի տարբեր թեմաներ։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ կողմերը քննարկել են դիվանագիտական վերջին զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները և Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր։ Ադրբեջանի ԱԳ նախարարության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական և քաղաքական կարգավորման հեռանկարները։ Հաղորդագրության համաձայն՝ Արաղչին մանրամասն տեղեկություններ է տրամադրել բանակցային գործընթացի վերաբերյալ։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է հակամարտությունը խաղաղության և բանակցությունների միջոցով լուծելու ջանքերին։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ նախարարները նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ։



