Իսրայելի իշխանությունները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է համաձայնագիր կնքել Իրանի հետ՝ առանց լուծելու մի քանի հանգուցային հարցեր, որոնք հանգեցրել են հակամարտության: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների։ «Կան իրական մտահոգություններ, որ Թրամփը վատ գործարք կկնքի», – ասել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։ Աղբյուրները նշել են, թե համաձայնագիրը, որով մասամբ կպահպանվի Թեհրանի միջուկային ծրագիրը, չի հասցեագրի բալիստիկ հրթիռների և տարածաշրջանային դաշնակիցներին աջակցության հարցերը, կհանգեցնի նրան, որ Իսրայելն Իրանի հետ հակամարտությունը կդիտարկի որպես անավարտ։ «Իսրայելն առաջվա պես բարձր պատրաստության վիճակում է գտնվում բանակցությունների ձախողման դեպքում», – հեռուստաալիքին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով՝ էսկալացումն իրատեսական սցենար է, «եթե իրանցիները շարունակեն խաղալ և ձգձգել բանակցությունները»։ Օրեր առաջ CNN հեռուստաալիքը, հղում անելով իրազեկ աղբյուրների, հաղորդել էր, որ Թրամփն ավելի ու ավելի է հիասթափվում այն բանից, թե ինչպես է Իրանը բանակցություններ վարում, և վերջին օրերին նա ավելի լրջորեն է քննարկում Թեհրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։



