Ալիևը Մակրոնին և Փաշինյանին «մեղադրում» է Չիկագոյի կոնվենցիայի պահանջները խախտելու մեջ

Մինչև Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը պատրաստվում են մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք նախընտրա-քարոզչական սպառազինության ցուցադրություն-հաշվետվությանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ զորահանդեսի փորձերից ֆրանսիական CAESAR հրետանային համակարգերի կադրեր է հանրայնացնում, առաջ ընկնելով՝ Բաքվի քարոզչամեքենային ծառայող AnewZ հեռուստաալիքը տեսառեպորտաժ է հրապարակում Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության և ռազմական մատակարարումների մասին, որտեղ «հետաքննության» հեղինակները պնդում են, թե իրենց ձեռքի տակ տվյալներ են հայտնվել, որոնք թույլ են տալիս առնվազն կասկածել, որ խախտվել են Չիկագոյի կոնվենցիայի պահանջները՝ կեղծ արձանագրություն է կազմվել և քաղաքացիական օդանավերով ռազմական բեռ է տեղափոխվել Հայաստան: «Ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել ֆրանսիական «Caesar» հաուբիցների բաղադրիչներին կամ օժանդակ սարքավորումներին։ Եվ այս հարցն առավել ակտուալ դարձավ մայիսի 28-ին Երևանում նախատեսված զորահանդեսի փորձերից ֆրանսիական արտադրության CAESAR հաուբիցների կադրերի հրապարակումից հետո: Բաց աղբյուրների համաձայն՝ Հայաստանը 2024 թվականին ստորագրել է 36 միավոր «Caesar» համակարգերի մատակարարման պայմանագիր, իսկ վերջին տեսագրություններում այդ համակարգերը նկատվել են շքերթի նախապատրաստության ժամանակ»,- նշվում է AnewZ-ի տեսանյութում՝ ենթադրությամբ, որ այդ համակարգերի հրապարակային ցուցադրումից կարելի է ենթադրել, որ դրանք դառնում են, այսպես ասած, ռազմական ենթակառուցվածքի մաս: Բնականաբար, ադրբեջանական «հետաքննության ապացույցները» մանրամասն չենք վերաշարադրում, հատկապես, երբ դրանք դեռ պիտի հաստատվեն, իսկ Ադրբեջանի արձագանքը Հայաստանի զինման հետ կապված՝ չենք պատրաստվում թաքցնել, այսօր առավել քան երբևէ պիտի ցույց տալ, որ Ալիևը չի հանդուրժելու հայկական բանակի որևէ սպառազինության ձեռքբերում, եթե անգամ գործող իշխանությունները հայտարարում են, որ դրանք չեն կիրառվելու, և մշտապես թիրախի տակ է պահելու հայկական զինված ուժերի շուրջ ցանկացած իրադարձություն: Եվ սա այն դեպքում, երբ Բաքուն շարունակում է տարբեր գործընկերների հետ ռազմական և ռազմատեխնիկական խոշոր պայմանագրեր կնքել: Եվ Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկում էր սպառազինությունների փոխադարձ վերահսկման և կրճատման մեխանիզմներ ձևավորել, որը, իհարկե, հայելային չէր լինելու: Գուցե սա զուտ դիվանագիտական հնարք էր, բայց եթե Ալիևն ընդուներ այս առաջարկը, արդյո՞ք Հայաստանը կարողանալու էր մուտք ունենալ Բաքվի զինանոց, կա՞ր մշակված համապատասխան սցենար, թե ինչ էր արվելու:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով