ՆԳ նախարարը ՄԱԿ պատասխանատուների հետ քննարկել է COP 17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր

Հ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) շրջանակում անվտանգության ապահովման հարցերով պատասխանատուներին և ՄԱԿ ներկայացուցիչներին։ Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման, հետևաբար և պատշաճ անվտանգային միջավայրի ապահովման զգալի փորձ ունի։ Գերատեսչությունից նշում են, որ նախարարն այդ համատեքստում ընդգծել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումների անվտանգ և անխոչընդոտ իրականացումը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։ Արփինե Սարգսյանն ընդգծել է նաև միջազգային գործընկերների հետ երկխոսելու, ինչպես նաև առաջնահերթություններն ու նպատակները հստակեցնելու կարևորությունը, ինչը թույլ կտա նախապես նույնականացնել հնարավոր մարտահրավերներն ու մշակել արդյունավետ լուծումներ։ Կարևորվել է պատասխանատու այլ պետական մարմինների հետ սերտ փոխգործակցության, անվտանգային միջոցառումների համաժամանակեցման և տեխնիկական մանրամասների հստակեցման անհրաժեշտությունը։ Համաժողովի անվտանգային միջոցառումների համակարգող Իսմեթ Բայրամովիչը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել անվտանգային միջոցառումների համակարգման հարցում ՆԳ նախարարության պատրաստակամությունը։ Նա շեշտել է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ արդեն իսկ հաջողվել է կարգավորել ընթացիկ մի շարք հարցեր։ Աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով կարևորվել է հետագա քննարկումներում պատասխանատու այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների ներգրավումը։ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը և Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը պատվիրակության հետ առանձին ձևաչափով քննարկել են համաժողովի ընթացքում իրականացվելիք անվտանգային համալիր միջոցառումների մանրամասները։ Անդրադարձ է կատարվել հասարակական կարգի պահպանմանը, ճանապարհային անվտանգության ապահովմանն ու գործնական այլ մանրամասների։ Ընդգծվել է քաղաքացիների բնականոն տեղաշարժի ապահովման կարևորությունը։ Քննարկվել է այլընտրանքային երթուղիների մշակման հարցը՝ տրանսպորտային հոսքերի հնարավոր խոչընդոտները նվազագույնի հասցնելու նպատակով։ Անվտանգային միջոցառումների իրականացման մանրամասների շուրջ քննարկումները շարունակվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով