«Սիրեցե՛ք զճշմարտություն» (Զաք. 8:19) Հասարակության ներսում համերաշխ ապրելու համար անհրաժեշտ է, որ այն կազմող մարդիկ միմյանց հանդեպ վստահություն ունենան, որտեղ վստահությունը պակասում է, այնտեղ հասարակական հարաբերությունները կնճռոտվում են: Այդ վստահությունը ճշմարտախոսությունից է ներշնչվում, գալիս: Ճշմարտությունը, որպես մարդկային հասարակարգի հաստատուն հիմք, հաստատուն և կանգուն է պահում իր վրա բարոյականության շենքերը [կառույցները]: Եթե մի անգամ ճշմարտությունը տեղի տա ստին և կեղծիքին, ապա ողջ բարոյական աշխարհի շենքերն ու հսկա կոթողները կընկնեն, կկործանվեն և ոչինչ հաստատուն չի մնա: Անկեղծ, ճշմարտասեր լինելու համար մարդը նախ իր անձի հանդեպ անկեղծ և ճշմարիտ պիտի լինի. սիրտը մարդու արարքների կենտրոնն է, խարդախ սրտից խորամանկություն և խաբեբայություն է միայն բխում:



