Միացյալ Նահանգները և Չինաստանը պլանավորում են ստեղծել առևտրային խորհուրդ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Մենք պատրաստվում ենք ստեղծել առևտրի հարցերով զբաղվող խորհուրդ։ Այն վերաբերելու է ոչ կրիտիկական, ոչ ռազմավարական բնագավառներին, այն բաներին, որոնք ԱՄՆ-ն չի ցանկանում ինքն արտադրել և որոնց արտադրությունը մենք չենք պատրաստվում վերադարձնել ԱՄՆ։ Այնպես որ այնպիսի արտադրանքները, ինչպիսիք են հրավառելիքները կամ շատ էժան սպառողական ապրանքները, կշարունակեն ներմուծվել Չինաստանից», – ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Բեսենթը նշել է նաև, որ երկու երկրները սկսել են շփումները նաև արհեստական բանականության ոլորտում։ «Մենք կարողանում ենք նման կառուցողական քննարկումներ ունենալ Չինաստանի հետ, արհեստական բանականության վերաբերյալ, քանի որ մենք այս հարցում առաջատար ենք»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։



