Կայացել է Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստը

Կայացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։ Նիստի օրակարգային հարցերը ավագանու անդամների կողմից հաստատելուց առաջ Սևան համայնքի ղեկավարը ներկայացրել է համայնքում ընթացող ծրագրերը և իրականացվող աշխատանքները: Համայնքի ավագանին Սևան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 18-ի՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 148-Ն որոշման մեջ կատարել է համապատասխան փոփոխություններ՝ ըստ ներկայացված տեղեկանք-հիմնավորման: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Սևան համայնքի՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2026-2028 թվականների տեղական գործողությունների ծրագիրը: Հաստատվել են նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի մեկնարկային գները, Սևան համայնքի կողմից 2026 թվականի ապրիլ ամսին օտարված և օտարված գույքերի վերաբերյալ համայնքի գույքագրման փաստաթղթերում և ընթացիկ քարտեզներում կատարված փոփոխությունները: Փողոցներ, նրբանցք, փակուղի են անվանակոչվել Սևան համայնքի Գագարին, Զովաբեր բնակավայրերում, Սևան քաղաքում: Մեկ այլ որոշմամբ Սևան համայնքի Վարսեր գյուղի «Ժպիտներ» մսուր-մանկապարտեզում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կբացվի նոր խումբ՝ պայմանավորված Վարսերում կրտսեր տարիքի երեխաների թվի ավելացմամբ: Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված հարցերը զեկուցվել են աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Մեսրոպ Մկրտչյանի, Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Մարիանա Ռաֆայելյանի և աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանի կողմից: Քննարկմանը ներկայացված մի շարք դիմումներ ստացել են սպառիչ պատասխաններ՝ համապատասխան որոշումների ընդունմամբ, որոշ դիմումներ էլ խմբակցություններում լրացուցիչ քննարկումներից հետո կներկայացվեն ավագանու հաջորդ նիստին: Հերթական նիստի ամփոփման ժամանակ համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ անդրադարձ է կատարել բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացի կազմակերպմանը: «Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ի N 97-Ա որոշմամբ մեկնարկել է Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Աղբամուղները փակվելու են «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով և, ըստ անհրաժեշտության, շենքերի հարակից տարածքներում տեղադրվելու են թափոնամաններ՝ կազմակերպելով պատշաճ աղբահանություն: Մինչ օրս աղբամուղները փակվել են շենքերի բնակիչների դիմումների հիման վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ բնակիչներն իրենց համաձայնությունն են ներկայացնում նաև գործընթացի կազմակերպման համար: Առաջիկայում գործընթացը նոր փուլ է մտնելու, և համայնքի կողմից իրականացվելու է բոլոր աղբամուղների փակման գործընթացը, որը նպաստելու է աղբահանության որակի բարելավմանը, շենքերի տարածքում հիգիենիկ իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև նոր մշակույթի ձևավորմանը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5775

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով