Վերջին ամիսներին, ընտրողներին սիրաշահելու համար, քաղաքական իշխանությունը համատարած օգնություններ է բաժանում բյուջեի հաշվին։ Բայց ընտրություններից առաջ սոցիալական իրավիճակը Հայաստանում վատանում է։ Աշխատավարձերի աճն էապես դանդաղել է, փոխարենը՝ գնաճն է մեծապես ակտիվացել։ Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ այս տարի անվանական միջին աշխատավարձերի աճն անհամեմատ զիջում է գնաճի տեմպերին։ Աշխատավարձերի աճը չի հասցնում թանկացումների հետևից, ինչը նշանակում է, որ մարդիկ սկսել են ավելի վատ ապրել, քան նախորդ տարի էին ապրում։ Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանն իր կառավարության ու քաղաքական ուժի գլխավոր ձեռքբերումներից մեկը համարում էր այն, որ աշխատավարձերը շատ ավելի արագ են աճում, քան գնաճն է։ Դրանից ելնելով էլ ասում էր, թե մարդիկ հիմա ավելի լավ են ապրում։ Այս տարի տեսնում ենք, որ գնաճը շատ ավելի արագացված տեմպերով է աճում, քան աշխատավարձերը։ Բայց Նիկոլ Փաշինյանը չի ասում, որ մարդիկ սկսել են ավելի վատ ապրել։



