«Հայ-թուրքական երկխոսությունն այնքան հասունացած է, որ ցանկացած պահի արդեն կարող ենք ունենալ նույնիսկ ամբողջական կարգավորում»,- այսօր այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա արձանագրել է, որ հայ-թուրքական սահմանը դեռ շարունակում է փակ մնալ, սակայն վստահություն հայտնել, որ «առաջիկայում մի օր էլ այդ սահմանը կբացվի»: «Արդեն ուղիղ կներմուծվի ապրանքը, այժմ մաքսային իմաստով՝ ուղիղ, իսկ ֆիզիկապես կգնա, Վրաստանով տարանցում կարվի ու կմտնի Հայաստան»,- ասել է Միրզոյանը: Նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանն ու Անկարան ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը նշել էր՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։ Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը «X»-ի էջում գրառում էր արել Թուրքիայի ու Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ։



