«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի գոյությունն իշխանության կարգավիճակում անոմալիա է: Դա մի անգամ տեղի է ունեցել 2018թ. և շարունակվում է արդեն ութ տարի՝ սպառնալով չընդհատել պետության կործանման ընթացքը նաև հունիսի 7-ից հետո: Հասարակությունը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ առնվազն որակյալ շերտերով գիտակցում է այդ անոմալիան: Միևնույն ժամանակ, նույն հասարակությունը գրեթե անհաղորդ է քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ այսօր ընթացող նախընտրական արշավին, և ոչ համարժեքորեն է արձագանքում պետության առջև ծառացած սպառնալիքների մասին ահազանգերին ու դրանք կանխելու համար իշխանությանը հեռացնելու անհրաժեշտության մասին կոչերին: Որպես կանոն՝ դա կոչեր հնչեցնողների կողմից որակվում է որպես լատենտ իշխանամետություն, որպես ՔՊ-ին ոչ բացահայտորեն աջակցելու վարքագիծ: Իրականության մեջ, սակայն, անհաղորդ շերտերը եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա զգալի մասով անտարբեր են ոչ թե՝ որովհետև ուզում են թաքուն աջակցել Նիկոլ Փաշինյանին, այլ չեն տրվում ընդդիմադիրների ագրեսիվ կարգախոսներին և մտածելու դեպքում հաճախ չեն գտնում հարցի պատասխանը, թե ի՞նչ է լինելու, եթե հաջողվի ՔՊ-ին հեռացնել իշխանությունից: Մաթեմատիկական լեզվով, ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Դա մի կողմից՝ նշանակում է, որ առանց ՔՊ-ի հեռացման՝ Հայաստանը կործանումից փրկվելու շանս գործնականում չունի: Բայց մյուս կողմից՝ ՔՊ-ի ու Փաշինյանի հեռացումն ավտոմատաբար չի ենթադրում շանսի հայտնություն ու պետության փրկություն միայն կործանողների հեռացման բերումով:



