Չինաստանը կոչ է արել հնարավորինս շուտ վերականգնել համաշխարհային մատակարարման շղթաների գործունեությունը

Չինաստանը շարունակելու է բանակցել միջազգային հանրության հետ՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու գործում կառուցողական դեր խաղալու համար։ Այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ պատասխանելով Իրանում իրավիճակի մասին հարցերին։ «Չինաստանի դիրքորոշումն Իրանի իրավիճակի վերաբերյալ շատ հստակ է։ Հակամարտությունը լուրջ կորուստներ է պատճառել Իրանի և տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդներին։ Շարունակվելով՝ հակամարտությունը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսական աճի, մատակարարման շղթաների, միջազգային առևտրային կարգուկանոնի և համաշխարհային էներգամատակարարման կայունության վրա, ինչը վնասում է միջազգային հանրության ընդհանուր շահերին»,- Xinhua-ի փոխանցմամբ, ասել է խոսնակը։ Նա հայտարարել է, որ իմաստ չկա շարունակելու հակամարտությունը, որը չպետք է առհասարակ սկսված լիներ։ «Իրադրությունը կարգավորելու շուտափույթ ճանապարհ գտնելը ոչ միայն Միացյալ Նահանգների և Իրանի, այլև տարածաշրջանային և աշխարհի մնացած երկրների շահերից է բխում», – նշել է ԱԳՆ խոսնակը։ Նա նկատել է, որ ԱՄՆ-Իրան՝ վերջերս կնքված հրադադարը և բանակցությունների միջոցով խնդիրները լուծելու ջանքերը ողջունվում են տարածաշրջանային երկրների և միջազգային հանրության կողմից՝ հավելելով, որ Չինաստանը միշտ համարել է, որ երկխոսությունն ու բանակցությունները առաջ շարժվելու ճիշտ ուղին են, իսկ ուժի կիրառումը՝ փակուղի։ «Հիմա, երբ երկխոսության դուռը բացվել է, այն չպետք է նորից փակվի։ Կարևոր է պահպանել քաղաքական կարգավորման ուղղվածությունը, ներգրավվել երկխոսության և խորհրդակցությունների մեջ, ինչպես նաև հասնել Իրանի միջուկային հարցի և այլ հարցերի վերաբերյալ այնպիսի կարգավորման, որը կբավարարի բոլոր կողմերի մտահոգությունները», – հայտարարել է խոսնակը։ Նա նկատել է, որ հարկավոր է հնարավորինս շուտ բացել առևտրային ճանապարհները՝ համաշխարհային մատակարարման շղթաները կայուն և անխոչընդոտ պահելու համար։ «Կարևոր է հնարավորինս շուտ հասնել համապարփակ և երկարատև հրադադարի, հնարավորություն տալ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում շուտափույթ վերականգնել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև հիմք դնել տարածաշրջանի համար կայուն անվտանգության ճարտարապետության կառուցման համար»,- ասել է խոսնակը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5756

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով