ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը պետք է «մեծ գործարք» առաջարկի Ադրբեջանին, որը նախատեսում է Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումների վերացում՝ Բաքվի կողմից տասնյակ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Նման կարծիք են հայտնել «Atlantic Council» ամերիկյան ուղեղային կենտրոնի վերլուծաբանները՝ հրապարակելով «Ժամանակն է ԱՄՆ-Ադրբեջան «մեծ գործարքի»» վերտառությամբ հոդվածը ։ «Atlantic Council»-ի փորձագետները կարծում են, որ փոփոխությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններում, Հայաստանի առաջիկա ընտրությունները և վերջնական խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունն ավելի հավանական կդարձնեն նման գործարքի հաջողությունը։ Նշվում է, թե այդ գործարքին հասնելու ջանքերը պետք է հիմնվեն այն մոդելի վրա, որը Սպիտակ տունը կիրառել է Բելառուսի հետ բանակցություններում, որն ազատ է արձակել ավելի քան հինգ հարյուր քաղբանտարկյալների։ Ավելի պարզ ասած՝ «Atlantic Council»-ի վերլուծաբանների առաջարկը քաղաքական առևտուրն է Բաքվի հետ։



