Ուխտավորների հոգևոր ուրախությունը կրկնապատկվել էր

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը նշեց մայիսի 14-ին: Տոնական օրը համընկել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից մեկի՝ սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրվա հետ, ինչի առթիվ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց «Զորավոր» Ավետարանը: Մինչև Ս. Պատարագի սկիզբը եկեղեցու հոգևոր դասը և մեծ թվով ուխտավորներ եկեղեցու արևելյան մուտքից հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով, մուտք գործեց եկեղեցի, որտեղ և շարունակվեց արարողակարգը: Տոնական Ս. Պատարագը մատուցեց Տեր Խորեն քահանա Պերթիզլյանը: Մինչև քարոզը Տեր Հայրը հոգևոր դասի և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հայրական օրհնությամբ հավատավոր հայորդիները տարվա մեջ մեկ անգամ իրենց խոնարհումն ու երկրպագությունն են բերում «Զորավոր» Ավետարանին: Քարոզին Տեր Խորենը մասնավորաբար ասաց. «Այսօր զույգ առիթներ ունենք նշելու. Քրիստոսի համբարձումը, որ հրավիրում է մեզ հոգևոր արժեքներով ապրելու՝ իմանալով, որ մնայուն բնակության վայրը երկինքն է՝ վերին Երուսաղեմը և այնտեղ հասնելու համար պետք է քայլենք հաստատուն հավատքով և երկրորդ՝ մեր աչքի առաջ ունենք սրբակրոն անձի՝ սբ. Մովսես Տաթևացու օրինակը, որ ոչ միայն կոչում ուներ, այլև կոչումը արժևորելու և Քրիստոսի նմանողությամբ ապրելու կյանքի նշանաբան»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով