Կայծակի հարվածի պատճառով ընդհատվել է Wizz Air ավիաընկերության՝ ուրբաթ օրվա Բրատիսլավա-Կոշիցե չվերթը։ Անձնակազմը ստիպված է եղել վերադառնալ մայրաքաղաք, հայտնում է tvnoviny.sk -ն։ Ուրբաթ օրը՝ մայիսի 15-ի կեսօրին, կայծակը հարվածել է Wizz Air ավիաընկերության ինքնաթիռին, որը Բրատիսլավայից ուղևորվում էր Կոշիցե։ «Սրահում տհաճ հոտ էր զգացվում։ Մեզ ասացին, որ պետք է վերադառնանք Բրատիսլավա և մանրամասները կիմանանք վայրէջքից հետո։ Երբ վայրէջք կատարեցինք, մեզ հայտնեցին, որ ինքնաթիռին կայծակ է հարվածել»,- կայքը մեջբերում է չվերթի ուղևորներից մեկի խոսքը։ Հաղորդվում է նաև, որ ուղևորներին որպես այլընտրանք առաջարկվել է ավտոբուսային փոխադրում։



