Շաբաթ օրը Բաղդադի կենտրոնում լսված բարձր ձայները եղել են հրետանային համազարկեր, որոնք հնչել են նոր կառավարության ձևավորման պատվին, հայտնում է AFP-ն՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրներին։ AFP-ի թղթակցի լսած երեք պայթյունները նշանավորել են նորընտիր վարչապետ Ալի ալ-Զայդիի գլխավորած կառավարության ձևավորումը։ Առաջին պայթյուններից հետո անվտանգության ծառայության ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ Զայդիի պաշտոնամուտի կապակցությամբ հրետանային զարկերը դեռ կշարունակվեն։ Հինգշաբթի օրը Իրաքի խորհրդարանը հաստատել է Զաիդիի գլխավորած նոր կառավարությունը, ով ստանձնել է պաշտոնը ամիսներ տևած քաղաքական փակուղուց և ԱՄՆ-ի կողմից գործադրվող աճող ճնշումներից հետո։ Զաիդիի կառավարությունը պետք է կազմված լինի 23 նախարարից, սակայն կաբինետի կազմը դեռևս ամբողջական չէ, քանի որ առաջատար քաղաքական կուսակցությունները շարունակում են բանակցություններ վարել մի քանի նախարարական պորտֆելների շուրջ։ Իրաքն ի սկզբանե ներքաշված է եղել Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի մեջ, որն սկսվել է փետրվարի 28-ին Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հարձակումից հետո։ Պատերազմի ընթացքում Բաղդադում հաճախ են պայթյուններ որոտացել, որոնք հիմնականում եղել են խիստ հսկվող «Կանաչ գոտում» գտնվող ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ պրոիրանական ուժերի արձակած հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքը։



