Օրերս Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզաշավն իրականացնում էր Արագածոտնի մարզում, որտեղ մի քանի դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ դասերի ժամին աշակերտների հետ միասին մասնակցում էին իշխանական թիմի նախընտրական քարոզարշավին։ Մեկ օր անց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով այս թեմայի մասին, ասել էր, որ 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, սակայն դիմումները չեն մակագրել՝ նրանք դե յուրե չեն ազատվի։ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի բնորոշմամբ՝ եթե մեկ նախադասությամբ այս երևույթը գնահատի, ապա պետք է ասի՝ «կրթվելը նորաձև է», այսինքն՝ նորաձև կրթությունը ենթադրում է վարչական ռեսուրսի օգտագործմամբ բոլոր ուսուցիչներին և նրանց միջոցով աշակերտներին բերել իշխող կուսակցության քարոզարշավին։ «Սա կեսկատակ-կեսլուրջ էր, իսկ եթե ավելի լուրջ, ապա նման երևույթները խաթարում են մեր կրթության համակարգը, մեր երեխաների կրթվելու իրավունքը։ Վստահ եմ, որ ուսուիցիչները, տնօրեններն այս ամենն ինքնակամ չեն արել, նրանց հուշել, ուղղորդել ու եթե չասեմ՝ ճնշում են գործադրել, որպեսզի նրանք այդ ամենն անեն։ Չեմ կարծում, թե մեր ժողովուրդն այնքան խանդավառ է, որ դասապրոցեսը պետք է կանգնեցնի, որպեսզի գնան քաղաքական ինչ-որ աղանդի նախընտրական քարոզարշավին»,- 168.am – ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը։ Ըստ փորձագետի, այս ամենի պատասխանատուները պետք է պատժվեն և դա դաս լինի բոլորի համար, որ անկախ քաղաքական իշխանությունից, նման երևույթներ չլինեն կրթական համակարգում։



