Ոստիկանությունը հորդորում է հետևել կամավոր հանձնողների օրինակին

Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի հարակից հուշաքարի տարածքում։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են երկու ատրճանակ, «Մակարով» տիպի ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, «Ֆ-1» և «Մ-75» տիպի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 25 փամփուշտ։ Բաժին ներկայացած Գառնիի մի բնակիչ կամավոր ներկայացրել է ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ «ՏՕԶ» տիպի հրացան է կամավոր հանձնել նաև գառնեցի մեկ այլ տղամարդ՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Հետևե՛ք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով