Ստամբուլի «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի անվան հիմնադրամի գրասենյակում անցկացվել է «Ո՞ւմ պատմությունն է պատմվում․ փոքրամասնությունների ներկայացվածությունը թուրքական սերիալներում» խորագրով միջոցառում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Այդ ընթացքում թուրք սոցիոլոգ և հետազոտող Ֆեյզա Աքըներդեմը հայտարարել է, որ թուրքական հեռուստասերիալներում հայկական և ալևիական ինքնությունները ներկայացված չեն։ Ըստ նրա՝ հրեական և հունական ինքնությունները թուրքական մեդիադաշտում այլևս «սպառնալիք» չեն ընկալվում, մինչդեռ հայկական և ալևիական թեմաները շարունակում են հիշեցնել «չփակված վերքերը», ինչի պատճառով դրանք հիմնականում շրջանցվում են։ Նա նշել է, որ 2000-ականների սկզբին թուրքական սերիալներում հայտնվել էին անցյալի հետ առերեսման թեմաներ, սակայն հետագայում դրանք իրենց տեղը զիջեցին անվտանգության և հատուկ նշանակության թեմաներով նախագծերին։ Հետազոտողը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին նկատվում են որոշ փոփոխություններ թվային հարթակներում։



