Աղոթքի զորությունը

«Յոյժ զօրաւոր են աղօթք արդարոյ յօգնականութիւն» (Հակ. 5:16): Ստույգ իրողություն է, որ աղոթելու փափագն ու ձգտումը առավել կամ նվազ չափով ի հայտ է գալիս ամեն մի անհատի մոտ: Սա երևում է, թե՛ հազիվ մարդկային կանոնավոր լեզու ունեցող վայրենիների մոտ, որոնք վշտի կամ տագնապի ժամանակ իրենց պաշտած զորություններին են ապավինում, և թե՛ քաղաքակիրթ և լուսավորյալ ազգերի և նույնիսկ սկեպտիկների մոտ: Երբ այս ձգտումը զորեղ թելադրությամբ խոսում է մարդու մեջ, գիտե՞ք թե որքա՜ն է ազնվանում և վսեմանում նա: Տկար և մեղկ մարդը, որը զորանալու և բարձրանալու, սրբության և վեհության կարիքն ունի, որը նաև զգացել է, որ եթե երբևէ հոգով չմերձենա գերագույն զորությանը, ապա կկործանվի, սրտաբուխ աղոթքի ամբողջ զորությամբ կապվում է Նրա հետ, Ով բարիքների և շնորհների բաշխողն է, Ով կյանքի և իմաստության արարիչն է: Եսականությամբ և մեղքերով ապականված մարդն էլ, երբ զգում է, որ մարմնի և հոգու վտանգների է ենթարկված, երբ զգում է, որ զրկվել է երկնային շնորհից և բազմապիսի բարիքներից, աղոթքով դառնում է դեպի իր Ստեղծողը, դեպի Նա՝ Ով բարձրագույն Սիրո և Սրբության աղբյուրն է: Եվ այսպես աղոթքի միջոցով իր հոգու և իր գործերի մեջ անդրադարձնում է Աստծո զորությունը, սրբությունը, արդարությունը և այն սրբազնագույն կյանքը, որը երբևէ ստացել է Աստծուց և ապա մերժել այն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5740

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով