Հունաստանի դատարանը լրտեսության մեղադրանքով Ադրբեջանի 27-ամյա քաղաքացուն դատապարտել է ազատազրկման յոթ տարի և մեկ ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ադրբեջանցին ձերբակալվել էր նախորդ տարվա հունիսին Հունաստանի ոստիկանության և հետախուզական ծառայության կողմից իրականացված գործողության արդյունքում։ Այդ ժամանակ կար կասկած, որ նա մոնիթորինգի է ենթարկում Հունաստանի, Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ռազմավարական օբյեկտ համարվող Սուդայի ռազմածովային բազան։ Հետաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը, ով Լեհաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ուներ, առաջին անգամ Հունաստան է ժամանել 2025 թվականի հունվարին և հունիսի կեսերից ի վեր մնացել է հյուրանոցի համարում, որտեղից տեսարան էր բացվում դեպի արևմտյան Կրետեի Խանիա շրջանում գտնվող ռազմածովային և ռազմաօդային բազան։ Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ նա մեղադրվում է պետական գաղտնիքներ և կարևոր ռազմական տեղեկատվություն հավաքելու և օտարերկրյա տերություններին փոխանցելու մեջ, այդ թվում՝ ռազմական օբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր։ Դատապարտյալի փաստաբանի խոսքով՝ նա լրտեսելու մտադրություն չի ունեցել, լուսանկարել է մի տեսարան, որտեղ բոլորը մուտք ունեն։ Նրա սենյակից առգրավված իրերի թվում են եղել բարձր որակի նկարահանում անող տեսախցիկ, USB, ինչպես նաև տվյալների պահպանման կրիչներ: Աղբյուրների համաձայն՝ ոստիկանությունը նրա համակարգչում նաև հայտնաբերել է կոդավորման ծրագիր։



