Հետխորհրդային տարածաշրջանի ամենաերկարատև, կանխատեսելի համարվող առանցքներից մեկը՝ Երևան-Մոսկվա ռազմավարական դաշինքը, ապրում է իր պատմական ամենախորը ճգնաժամը։ Այն, ինչ տարիներ շարունակ որակվում էր՝ որպես «ռազմավարական գործընկերություն», ներկայումս հայտնվել է մի բացահայտ փակուղում, որտեղ կողմերի միջև կուտակված խնդիրները հասել են կրիտիկական կետի։ ՀՀ մայրաքաղաք Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կարծես դարձավ շրջադարձային կետ հայ-ռուսական հարաբերություններում և հատկապես ՌԴ էլիտայի ընկալումների տեսանկյունից։ Այս գագաթնաժողովից հետո ռուսական կողմը սրեց հռետորաբանությունը՝ առաջարկեց ապահարզան, ԵԱՏՄ առաջիկա նիստում Հայաստանի եվրոպական ձգտումների հարցի ներառում, տնտեսական արտոնություններից զրկելու մասին ակնարկներ։ Ռուսական կողմն ըստ էության վերջնագիր է ներկայացնում՝ ընտրել ԵԱՏՄ-ն կամ հեռանալ ԵԱՏՄ-ից, քանի որ ԵԱՏՄ-ն անհամատեղելի է ԵՄ-ի հետ։ Սա ռուսական կողմը հայտարարում է թե փոխարտգործնախարար Գալուզինի, ԱԳ նախարար Լավրովի, թե փոխվարչապետ Օվերչուկի, Շոյգուի և ՌԴ նախագահ Պուտինի մակարդակով։ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն իր վերջին անդրադարձում ասել է, թե Մոսկվայում չեն կարող ընդունել այն քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի ղեկավարությունը, այն է՝ պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, քանի դեռ, այսպես ասած, չի անցել Եվրոպական միության անդամակցությանը։



