Իրանը մշտական կապի մեջ է Ռուսաստանի հետ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք բանակցությունների վերաբերյալ մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Երեկ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Իրանի քաղաքական հարցերով փոխարտգործնախարար (Մաջիդ – խմբ.) Թախտ-Ռավանչիի և Թեհրանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների միջև։ Կողմերը քննարկել են Իրանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական գործընթացի վերջին զարգացումները»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Ռուսաստանը առաջարկել է իր ծառայությունները Իրանից հարստացված ուրանը տեղափոխելու և Ռուսաստանում պահելու համար, սակայն, ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Վաշինգտոնը դեռևս չի ընդունում Մոսկվայի առաջարկները։



