Թուրքիայում ցույցեր են տեղի ունեցել ոստիկանության կողմից ընդդիմության ղեկավարին գրասենյակից հեռացնելուց հետո

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հեռացված ղեկավար Օզգյուր Օզելի կողմնակիցները մայիսի 24-ին երթով շարժվել են դեպի խորհրդարան այն բանից հետո, երբ ոստիկանությունը մտել է Անկարայում կուսակցության գլխամասային գրասենյակ և այնտեղից հանել Օզելին և կուսակցության այլ անդամների: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Օզելին և նրա աջակիցներին թույլ չեն տվել մտնել խորհրդարան: Օզելը կողմնակիցների առջև ելույթում հայտարարել է, որ ընդդիմությանը հանել են գրասենյակից, սակայն իրենք այժմ կպայքարեն փողոցներում: Ավելի վաղ ոստիկանությունը ներխուժել էր Անկարայում կուսակցության գլխամասային գրասենյակ՝ օգտագործելով արցունքաբեր գազ, կոտրելով ապակե դուռը և քանդելով ժամանակավոր արգելապատնեշը: Մայիսի 21-ին Անկարայի վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության 38-րդ համագումարի արդյունքը, ըստ որի կուսակցության ղեկավար էր ընտրվել Օզգյուր Օզելը: Դատարանը որոշել է ժամանակավորապես հեռացնել կուսակցության գործող ղեկավարությանը՝ Օզելի գլխավորությամբ, և կառավարումը հանձնել կուսակցության նախկին ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին, որը նախագահական ընտրություններում պարտվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ժողովրդահանրապետական կուսակցությունը մերժել է դատարանի որոշումը և այն անվանել կառավարության կողմից «հեղաշրջման փորձ»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6140

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով