Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ հակամարտության դեպքում Գերմանիան և Լեհաստանն իրենց ռազմական կարողությունները կտրամադրեն զորքերն արևելք տեղափոխելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Գերմանիան և Լեհաստանը ՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցներն են։ Պաշտպանության անհրաժեշտության դեպքում մեր երկրների միջոցով դաշնակիցների հարյուր հազարավոր զինվորներ կտեղափոխվեն արևելք՝ ինչպես Լեհաստան, այնպես էլ Բալթյան երկրներ», – հայտարարել է Վադեֆուլը գերմանա-լեհական համաժողովում։ Նրա խոսքով՝ Գերմանիան և Լեհաստանը կձևավորեն ՆԱՏՕ-ի եվրոպական պաշտպանության և զսպման հիմքը։ Այս կապակցությամբ նախարարն ընդգծել է երկրների միջև պաշտպանական համաձայնագրի թարմացման կարևորությունը։ «Այն (խմբ.՝ համաձայնագիրը) ներուժ է բացում պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր համագործակցությունը խորացնելու համար այնպես, ինչպես դա պետք է լինի մերձավոր հարևանների և դաշինքի դաշնակիցների միջև։ Եվ այն մեզ ավելի սերտորեն է կապում համատեղ զորավարժություններում, հատկապես Բալթիկ ծովի տարածաշրջանում», – հավելել է Վադեֆուլը։



