Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Իտուրիի նահանգի ռազմական նահանգապետը վիրուսի տարածումը զսպելու պայքարը համեմատել է «պատերազմի» հետ, որի համար իրենք չունեն բավարար ռեսուրսներ։ Թեմայի շուրջ նահանգապետ Ջոնի Լուբոյա Նկաշաման զրուցել է ֆրանսիական RFI-ի հետ: Էբոլայի ներկայիս բռնկման էպիկենտրոնը հենց Իտուրին է: «Տուժած տարածքների բնակիչները բավարար սնունդ չեն ստանում», – ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ «այլ հիվանդությունները» և «գերբնակեցումը» նույնպես խնդիրներ են։ Նա կոչ է արել «արագ արձագանքել», այդ թվում՝ ամրապնդել անձնակազմի կարողությունները՝ աղետից խուսափելու համար: Նկաշաման հայտնել է, որ նահանգը կարիք ունի որակավորված անձնակազմի և անվտանգ բուժման կենտրոնների ստեղծման։ Նա նաև շեշտել է ֆինանսական ռեսուրսների հավաքագրման անհրաժեշտությունը: Ըստ նահանգապետի՝ բոլոր ռեսուրսներն ուղղվել են պատերազմին, իսկ «այս երկրորդ պատերազմն» ավելի շատ է պահանջում: Պաշտոնյաները հաղորդում են, որ մայիսի 15-ին Էբոլայի բռնկման մասին հայտարարությունից ի վեր գրանցվել է վիրուսի ավելի քան 900 ենթադրյալ դեպք և 223 ենթադրյալ մահ։ Հաստատվել է 101 դեպք, գրանցվել է Էբոլայից մահվան 10 հաստատված դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ հիվանդությունը կարող է տարածվել ավելի արագ, քան սկզբում կարծում էին, և հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Էբոլայի դեպքեր են գրանցվել նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հյուսիսային և Հարավային Կիվուի նահանգներում, ինչպես նաև հարևան Ուգանդայում, որտեղ գրանցվել է յոթ հաստատված դեպք։ Իտուրին ռազմական կառավարման տակ է գտնվում 2021 թվականից, երբ քաղաքացիական իշխանությունը փոխարինվեց ռազմական վարչակազմով՝ տարածաշրջանում տարիներ շարունակ գործող տասնյակ զինված խմբավորումները չեզոքացնելու ջանքերի շրջանակում։



