Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով վարակման ենթադրյալ դեպքերի թիվը գերազանցել է 900-ը: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Համաճարակի հսկողության ընդլայնմանը զուգընթաց ԿԴՀ-ում Էբոլայի բռնկմանը հակազդելու շրջանակներում հայտնաբերվել է ավելի քան 900 ենթադրյալ դեպք, այդ թվում՝ 101 հաստատված դեպք», – գրել է նա X հարթակում։ Գեբրեյեսուսը նշել է, որ Իտուրիի նահանգում, որը բռնկման էպիկենտրոնն է, ապրում է 5 միլիոն մարդ։ Յուրաքանչյուր չորրորդը հումանիտար օգնության կարիք ունի, իսկ յուրաքանչյուր հինգերորդը ներքին տեղահանված է։ «Բռնությունն ստիպում է մարդկանց լքել իրենց տները, այդ թվում՝ բժշկական և հումանիտար ոլորտի աշխատողներին։ Սա լրջորեն դժվարացնում է շփումների հսկման ընդլայնումը և վարակվածների ավելի շուտ հայտնաբերումը», – նշել է ԱՀԿ ղեկավարը։ Մայիսի 17-ին ԱՀԿ-ն Էբոլայի բռնկման պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ԿԴՀ-ում և Ուգանդայում։ Մայիսի 22-ին կազմակերպությունը ԿԴՀ-ում ռիսկի մակարդակը բարձրացրել է «բարձրից» մինչև «շատ բարձր»։ Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ իրավիճակը բարդանում է այն բանով, որ բռնկումը պայմանավորված է Էբոլա վիրուսի հազվագյուտ տարբերակով, որի համար գոյություն չունի հավանության արժանացած պատվաստանյութ կամ հատուկ բուժում։ Էբոլա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թ. Սուդանում և ԿԴՀ-ում։ Այս բռնկումներից մեկը գրանցվել է Էբոլա գետի մերձակայքում, որից և հիվանդությունն ստացել է իր անվանումը։ Վարակվելու դեպքում մահացության միջին մակարդակը կազմում է մոտավորապես 50%։



